Լիլիթ Հովակիմյա՛ն, խոհեմ կլիներ հերքումը գրեիք մինչև ձեր կայքին դատի տալը….

Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը հայց է ներկայացրել ընդդեմ 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի: Գայանե Մանուկյանը Լիլիթ Հովակիմյանին մեղադրում է զրպարտության մեջ: Հիշեցնենք, որ 4news.am լրատվական կայքը գրել էր, որ Գայանե Մանուկյանը հարցազրույց է տվել haqqin.az կայքին: Պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում դատական գործընթացը, NEWSPRESS.am-ը զրուցեց Լիլիթ Հովակիմյանի հետ:

-Տիկի′ն Հովակիմյան, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Ավետիսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Գայանե Մանուկյանի հայցի՝ ընդդեմ Ձեզ: Ի՞նչ փուլում է գտնվում նշված գործը:

-Նշված գործով կայացել է ընդամենը մեկ նախնական դատական նիստ: Հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ որպես 3-րդ պատասխանող ներգրավել նաև լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանին: Նշված միջնորդությունը դատարանը հետաձգել է, որից հետո հետաձգվել է դատական քննությունը և նշանակվել մեկ այլ օր՝ 2017թ. ապրիլի 26-ին: Գործը գտնվում է նախնական դատական փուլում և դեռևս չի ավարտվել: Սպասում ենք մինչև դատարանը վերջնական ակտ կայացնի:

Տեղեկատվության կարգով հայտնեմ, որ լրատվական հետաքննության արդյունքում ճշտվել է այն հանգամանքը, որ Գայանե Մանուկյանը հարցազրույց չի տվել haqqin.az-ին, և մենք հերքում ենք տվել:

Կարծում եմ՝ լրատվական միջոցների միջամտությունը նշված քաղաքացիական գործի քննությանը ժամանակավրեպ է: Նպատակահարմար է սպասել մինչև դատարանի կողմից համապատասխան ակտ կկայացվի:

www.newspress.am