Մեր պետությունը՝ թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը, որտեղ հայ է ապրում, երբեք տարբերակել չի կարելի, մենք պետք է սատար կանգնենք մեր զինվոր բալեքին. Մարգարիտա Խաչատրյան

Այսօր՝ հունվարի 28-ին, լրացավ մեր ԶՈւ-ի 24-րդ տարեդարձը: Օրվա հետ համահունչ Operativ.am-ի թղթակիցը զրուցել է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի (Մարոզ) հետ: Թղթակցի այն հարցին, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել մեր բանակն այս 24 տարիների ընթացքում, Մարգարիտա Խաչատրյանը պատասխանեց. «Արյան գնով ձեռք բերածը երբեք ոչ մի բան չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որ մեր արյան գնով, մեր որդիների կիսատ թողածը մենք՝ սևազգեստ մայրերս զիջենք և զիջումների գնանք: Մեր պետությունը՝ թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը, որտեղ հայ է ապրում, երբեք տարբերակել չի կարելի: Մենք մեր հայրենիքի պաշտպանության համար պատրաստ ենք զոհեր ունենալու: Եվ մաղթելով մեր մայրերին համբերություն , քանի որ պատվով մահը, անպատիվ ապրելուց վեր է»:

Այն հարցին, թե ինչ կմաղթի մեր բանակին և զինծառայողներին, տիկին Մարգարիտան ասաց. «Շնորհավորում եմ և իմ օրհնությունն եմ տալիս հայոց բանակին: Մենք ունենք հզոր բանակ, կայացած բանակ: Սատար կանգնենք մեր բանակին, մեր բալեքին: Առիթից օգտվելով, որ լրանում է հայոց բանակի 24-րդ տարեդարձը, ես շնորհավորում եմ խրամատի զինվոր բալեքիս: Թող Աստծո օրհնությունը լինի հայոց բանակի վրա: Մենք քիչ ենք բայց մեզ հայ են ասում, մենք երբեք ոչ մեկից մեզ չենք գերադասում: Մենք ունենք նենգ թշնամի, դարանակալված թշնամի, մենք չունենք զինադադար, մենք մեր հայրենիքի պաշտպանության համար միշտ պատրաստ ենք պատերազմի»:

www.operativ.am