Ոսոխին չունենք զիջելու ոչ մի թիզ մեր հողից

Երկրիդ Նախագահի թիկունքն ամու´ր պահիր, Հա´յ Զինվոր. այսօր շվեյցարական Բեռն քաղաքում ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո կայանալու է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Նմանատիպ բարձրաստիճան հանդիպումներից առաջ և հետո գրեթե միշտ նույնանման իրավիճակների ու հանգուցալուծման ականատեսն ենք լինում. հայկական կողմը նախապատրաստական փուլերում մշտապես հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական մոտեցումներով, ինչին հակառակ` ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ապակառուցողական ձեռագրին, բացառապես միշտ գործի է դնում իր ագրեսիվ վարքագիծը, որն էլ արտահայտվում է հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական շփման գծերի երկայնքով ռազմական սադրանքների ու դիվերսիոն ներթափանցման փորձերի տեսքով: Ձախողումը բացարձակապես միշտ Ադրբեջանի համար կրկնակի է լինում. Ալիև կրտսերը, նախապես գիտակցելով դիվանագիտական հարթության վրա Սերժ Սարգսյանի առջև իր բացահայտ անզորությունը, սեփական լսարանի առջև «հզոր» լինելու պատրանքը չփոշիացնելու համար դրան նախորդող օրերին միշտ փորձել է ապավինել ադրբեջանական բարոյալքված բանակի երևակայական դրվագային հաջողություններին, սակայն, ինչպես միշտ, հուսախաբ է եղել: Վերջին երկու օրերին «առյուծ կտրած» ասկյարները հերթական անգամ վերջին ճիգերի գնով փորձեցին «դուխ տալ» օդի մեջ դատարկ հոխորտացող իրենց առաջնորդին, բայց մեր հերոս տղերքը նրանց դեմ ելան մեր անառիկ լեռների պես … Արդյունքում` այսօր կայանալիք հանդիպման ընթացքում Ալիևը բազմաթիվ անգամներ ստիպված է լինելու հայացքը փախցնել Նախագահ Սարգսյանից: Իսկ Երկրիս Նախագահն էլ ավելի հաստատակամ ու վստահորեն է պնդելու, որ ոսոխին չունենք զիջելու ոչ մի թիզ այն հողից, որի համար, ցավոք, զոհվում են Աղասիների ու Ռուբենների նման հերոսներ: Սահմանագծում այս գիշեր ևս շատ լարված է լինելու: Իսկ դուք գիտեք ինչ անել, տղե´րք: Դուք գիտեք ինչպես քոթակել շուն ասկյարին ու … թեկուզ արյան գնով անառիկ պահել ձեր ու մեր Սուրբ Հայրենիի սահմանները: Ձեր զգոնությանն ապավինել ենք ու ապավինելու ենք միշտ, տղե´րք: Իսկ ձեր անպարտելիության շունչը թիկունքին զգալով վաղն ասկյարի աչքերին վստահ նայելու ու բոլորիս անունից նրան հերթական անգամ գրողի ծոցն է ուղարկելու մեր Երկրի Նախագահը: Բազուկներդ ամու´ր ու գիշերդ խաղա´ղ, Հա´յ Հերո´ս Զինվո´ր …

Արմեն Գևորգյան

Նյութի աղբյուրը` YN.am