«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչով է արձագանքում «Հայկական վերածնունդի» կոչինՆյութի

Նոյեմբերի 26-ին կայանալիք «Հեռուստամարաթոն 2015»-ին ընդառաջ օրերս «Հայկական վերածնունդ» սփյուռքյան քաղաքացիական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր արել արտերկրում բնակվող եւ Հայաստանի ապագայով մտահոգված մարդկանց՝ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել «Նոր Հայաստան» քաղաքացիական ճակատին։ Միաժամանակ կոչ անելով բոյկոտել «ռեժիմի գործիքը դարձած եւ վարկաբեկված «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը»: Իսկ հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Տարիներ առաջ, երբ «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ դեռեւս վստահություն կար, դրամահավաքի օրը վերածվել էր ազգային միաբանության յուրահատուկ տոնահանդեսի եւ վայելում էր Սփյուռքի աջակցությունը, իսկ հիմնադրամի թերացումներն ընդունվում էին ներողամտությամբ եւ ակնկալիքով, որ դրանք կշտկվեն: Սակայն այս տարիների ընթացքում իրականությունը բոլորովին այլ բան ցույց տվեց: Բավական է նշել, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, Հայաստանի նախագահի աթոռը զավթած, խարդախությունների վարպետ Սերժ Սարգսյանն է: Իսկ հիմնադրամի ֆինանսական չարաշահումների, մսխումների եւ «ատկատների» մասին բազմիցս հրապարակվել է: Տարիների ընթացքում հիմնադրամի ոչ նպատակային գործունեությունը բազմաթիվ բարերարների մոտ հիասթափություն է առաջացրել, որոնք էլ դադարեցրել են հիմնադրամին իրենց օժանդակությունը: Հայաստանի Հանրապետության ապագան վտանգված է ոչ ժողովրդավար իշխանության պատճառով: «Նոր Հայաստան» ճակատի հիմնական նպատակը ռեժիմի հեռացումը եւ Հայաստանը զարգացման ուղու վրա դնելն է: «Հայկական վերածնունդ» կազմակերպությունը աջակցում է «Նոր Հայաստան» ճակատին եւ կոչ է անում սփյուռքահայությանը ֆինանսական եւ բարոյական աջակցություն ցուցաբերել «Նոր Հայաստանին»»: Այն, որ տարիների ընթացքում հիմնադրամի հանդեպ թե մարդկանց, թե բարերարների վստահությունը նվազեց, դրա մասին վկայում են նաեւ հիմնադրամի կայքում տեղադրված հեռուստամարաթոնի տարեկան հաշվետվությունները, որտեղ տեսնում ես հավաքված գումարի թվային անկումը հատկապես վերջին տարիներին, այդպես, օրինակ, 2014թ. հեռուստամարաթոնն արձանագրել էր 12.399.550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն, մինչդեռ 2013-ին կազմում էր 22.661.372 ԱՄՆ դոլարի նվիրատվություն։ 2012թ.՝ 21.422.477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ 2011թ. 12.286.478 ԱՄՆ դոլարի նվիրատվությունից հետո։ «Հեռուստամարաթոն 2015»-ին ընդառաջ միակ հուսադրող լուրը դեռ այն է, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել այս տարվա հեռուստամարաթոնին։ Այս տեղեկությունը պարբերաբար շրջանառվում է իբրեւ ի ցույց եւ ի խրախուսանք մյուս բարերարների։ Իսկ նոյեմբերի 26-ին կայանալիք «Հեռուստամարաթոն 2015»-ի այս տարվա գլխավոր նպատակն է՝ բնակարաններով ապահովել Արցախի 5 եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամից փորձեցինք ճշտել, թե ինչպիսին է վերաբերմունքը Սփյուռքից հնչող «Հայկական վերածնունդ» կազմակերպության կոչին, որն արտերկրում ապրողներին հորդորում է ֆինանսական օգնություն հատկացնել ոչ թե հիմնադրամին, այլ «Նոր Հայաստան» քաղաքացիական ճակատին։ Նաեւ՝ գումարային ի՞նչ ակնկալիքներ կան այս տարվա հեռուստամարաթոնից, հատկապես, որ վերջին՝ 2 տարիների մարաթոնների արդյունքներն զգալիորեն տարբեր են եղել։ Մտավախություն չկա՞, որ այս տարի էլ Սփյուռքից հնչող կոչերը դրական ձեւով չեն ազդի մարաթոնի վերջնական արդյունքի վրա։ Հիմնադրամից պատասխանեցին, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հարցերին գրավոր կպատասխանի։ Ինչեւէ, մի քանի ժամ անց ստացանք մեր միայն մի հարցի պատասխանը, որը հիմնադրամի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը որոշել էր տարածել ամբողջ լրատվական դաշտին՝ հավանաբար չցանկանալով, որ իրենց կատարած «հսկայական» աշխատանքը ջուրն ընկնի եւ այս դեպքում միայն մեկ լրատվամիջոց օգտվի իրենց պատասխանի բացառիկ հնարավորությունից։ Իսկ պատասխանն այսպիսին է. «Անընդունելի ու անթույլատրելի ենք համարում քաղաքական նպատակներ ունեցող որեւէ կազմակերպության կոչը` չմասնակցելու կարեւորագույն ծրագրերի իրականացմանն ուղղված համահայկական դրամահավաքին: Ծանոթանալով կոչի տեքստին, մտքիս մի հարց է գալիս` եւ ի՞նչ: Այսինքն` այդ կազմակերպությունը դիմում է ողջ հայությանը` խնդրելով, որ Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները շարունակեն ապրել կենցաղային ծանր պայմաններում: Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր անձի եւ կազմակերպության խոսքի ազատության իրավունքը, սակայն չենք կարծում, որ այդ իրավունքը կիրառելիս պետք է հիմքում դնել ուրիշին վնասելու գաղափարը, մանավանդ, որ նպատակին չի հասնելու: Օգտվելով ընձեռված հնարավորությունից` եւ որպես հայ, եւ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, դիմում եմ բոլոր իրենց հայ համարող մարդկանց` մի կողմ դրեք ձեր կուսակցական, եկեղեցական եւ այլ պատկանելիությունները եւ մասնակից դարձեք «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին: Լիահույս ենք, որ կրկին բոլորս միասին կկարողանանք կյանքի կոչել հայրենիքի բարօրությանն ուղղված մեր ծրագրերը»:

Նյութի աղբյուրը ` hraparak.am