Արա Աբրահամյանի հայտնությամբ Հայաստանի ապագան վտանգված է

Ժամանակներ առաջ մենք գրել էինք այն «բազմակետերի» մասին, որոնք թաքնված են Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հայկական վերածնունդ» միավորման ներքնաշերտում: Ակնհայտ էր, որ երկար ժամանակ Արթուր Բաղդասարյանը բանակցություններ էր վարել ռուսական քաղաքական ու պետական վերնախավի հետ՝ Հայաստանում «փոխարքայի» կարգավիճակ ունենալու, Ռուսաստանի «մարդը» դառնալու համար: Նրան մեծագույն աջակցություն են ցուցաբերել այս հարցում Նիկոլայ Բորդյուժան և Նիկոլայ Պատրուշևը, որոնց հովանու ներքո է հայտնվել Արթուր Բաղդասարյանը: Հենց Ռուսաստանի խորհրդով էլ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ ընդդիմություն դառնալու և հայ հասարակությանը բոլորովին նոր ճանապարհով տանելու համար: Գլխավոր ձեռքբերումը, որին հասավ Արթուր Բաղդասարյանը, տարբեր ոչ հայտնի կուսակցությունների և մեծաթիվ հասարակական կազմակերպությունների կոնսոլիդացումն էր, միավորումը, որի գերխնդիրն էլ նոր քաղաքական ուժի ձևավորման հայտը դարձավ: Կուսակցություններն էլ մարդկանց նման ծերանում են, ուստի հարկավոր էր երիտասարդացում, հարկավոր էր հեռանալ «Օրինաց երկրի» գործած սխալներից, անգամ կադրային ձախողումներից: Իսկ կադրային ձախողումներն այս կուսակցությունն ունեցավ և՛ նախարարների, և՛ անգամ իր խոսնակի տեսքով, որի գոյությունն իսկ այս կուսակցության մեջ արդեն խոսում է քաղաքական մարազմի ու աճպարարության մասին: Ուրեմն, «Օրինաց երկիրը»՝ չհեռանալով քաղաքական դաշտից, այնուհանդերձ մի նոր արբանյակի գոյավորման խնդիրն էր դնում: Այժմ արդեն «Հայկական վերածննդի,, կայացումը Ռուսաստանը կամենում է իրականացնել տխրահռչակ Արա Աբրահամյանի աջակցությամբ՝ գումարած վաղուց «գործածությունից հանված» և քաղաքական տկարամտության մեջ հայտնված Դեմկուսը, որովհետև Ռուսաստանում, այնուհանդերձ, մտածել են այն մասին, որ հարկավոր է ունենալ սեփական «ռեզիդենտը» և կամ ներկայացուցիչը, ուստի Արա Աբրահամյանի հայտնությունը քաղաքական դաշտում պատահական չէ: Բոլորը գիտեն, թե ով է Արա Աբրահամյանը, թե ինչու է Վլադիմիր Պուտինը հանդուրժում այս բառացիորեն անգրագետ մարդուն, որը փողեր հաշվելուց զատ՝ ուրիշ ոչինչ չգիտի: Արա Աբրահամյանը մշտապես կատարում է պուտինյան հանձնարարությունները, ինչի մասին հրապարակավ հայտարարեց նաև ինքը, պառակտում Ռուսաստանի հոծ հայազանգվածը, խժդժություններ սերմանում, Ռուսաստանի հայերի միությունը ծառայեցնում Ռուսաստանին: Հիմա Պուտինը կամենում է Հայաստանը զավթել իր դրածոների միջոցով, մարդկանց, որոնք առանց խղճի խայթի, Հայաստանը կփռեն Պուտինի ոտքերի տակ և այն կդարձնեն Ռուսաստանի ռազմական հենարանն ու նահանգներից մեկը՝ ամեն ինչ անելով արտագաղթին նոր ծավալներ հաղորդելու համար: Գյումրին միտումնաբար դատարկվում է, շուտով կդատարկվեն մյուս բնակավայրերը: Եվ որպեսզի ամեն ինչ բարեհաջող ընթացք ունենա, Պուտինը կամենում է Արա Աբրահամյանին դարձնել վարչապետ: Պատկերացնու՞մ եք, Արա Աբրահամյանին՝ վարչապետ: Այսինքն, Ռուսաստանը կամենում է ներդնել Իվանիշվիլու «սինդրոմը» , որը ցանկանում էին կյանքի կոչել Գագիկ Ծառուկյանի միջոցով, ով այլևս պարտված է, ուստի հարկավոր է հրապարակ հանել նոր գործող անձի՝ բիզնեսի ներկայացուցչի և մտավոր ոչ վառ ընդունակությունների տեր մարդու: Պատկերացնու՞մ եք, թե ինչ զավեշտի կվերածվեն կառավարության նիստերը, երբ խոսի այդ մարդը: Ասենք, գուցեև չխոսի, նրա փոխարեն հայտնվի ռուս փոխվարչապետ, նախարարների մի մասը լինեն ռուսներ: Հիմա, այս ծրագրերի իրականացման համար, Արա Աբրահամյանը կձգտի հենց «Հայկական վերածննդի» հիմքի վրա ձևավորել նոր քաղաքական ուժ: Այսպես ասած, ազգային դավաճանության կուսակցություն, որն էլ կյանքի է կոչելու Հայաստանի ինքնիշխանության կորստի և Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու ռուսական ծրագրերը: Որքան էլ հայաստանյան ներկա իշխանությունները ծառայամտորեն են հպատակվում Ռուսաստանին, որքան էլ նրանք են Գյումրին հանձնել Ռուսաստանին, այնուհանդերձ, ոչ ոք չի գնա Հայաստանի ինքնիշխանության ու Ղարաբաղի կորստին: Իսկ ահա Արա Աբրահամյանը, հանուն փառասիրության ու պաշտոնների, շատ փողի՝ Հայաստանն ու Ղարաբաղը կհնաձնի: Այդ նպատակին է ծառայելու այն կուսակցությունը, որը կամենում է ստեղծել Արա Աբրահամյանը՝ արդեն իսկ իրեն հռչակելով կենտրոնամետ կամ այլընտրանք ՀՀԿ-ին : Սա է այն տխուր հեռանկարը, որը սպասվում է մեզ: Ուստի Արա Աբրահամյանի հայտնությունը վտանգներով լի է Հայաստանի համար, եթե չասենք՝ կործանարար: Հիմա գլխավոր հարցն այն է, թե, արդյո՞ք, Արթուր Բաղդասարյանը ալյանս կձևավորի Արա Աբրահամյանի հետ՝ դառնալով նրա հենարանը, թե՞, այնուհանդերձ, կփորձի գործել ինքնուրույնաբար: Եթե Արթուր Բաղդասարյանը չմիանա Արա Աբրահամյանին,ապա վերջինս կհայտնվի դատարկ տարածության մեջ և չի կարողանա կայացնել իր կուսակցությունը,քանի որ մշտապես կրեմլյան շահերը սպասարկող Արամ Գ. Սարգսյանի Դեմկուսը ֆիկցիա է, ընդամենը բոլշևիկյան գաղափարներով ապրող մի քանի «մառազմատիկի» հավաքածու: Ի դեպ, Արա Աբրահամյանը մամուլի ասուլիսի ժամանակ բավական զգուշավոր էր, չէր խոսում այն ուժերի մասին, որոնք էլ դառնալու են իր հենակետերը: Գուցե դեռ չի՞ կամենում հարվածի տակ դնել նրանց…

 

Լևոն Մութաֆյան

Նյութի աղբյուր  www.asekose.am