Հրատապ տարհանումներ, պարետային ժամ, ՀՀ կառավարության արտահերթ նիստ, փախստականների հետ հանդիպում….

<<Շանթ  2015>>

ՀՀ  կառավարությունը  վարչապետ  Հովիկ  Աբրահամյանի  ղեկավարությամբ  արտահերթ  նիստ  է  գումարել ՝   քննարկելու  ՀՀ Նախագահի՝  երկրում  ռազմական  դրություն  հայտարարելու  հրամանագիրը: Ավան  վարչական  շրջանում հայտարարված  է  պարետային ժամ,  Երևանի  հրապարակից  շուրջ  35   ավտոբուսներով  իրականացվել  է բնակչության  տարհանում, որի հաջող  իրականացման  մասին  անմիջապես  տեղեկացվել  է  քաղաքապետ  Տարոն  Մարգարյանին,  տարհանումներ  են  իրականացվել  նաև  Կապանում, Տավուշում  և  Սյունիքում  <<օդային  տագնապ>> է,  փախստականների համար վրանային ճամբար  է  ստեղծվել, վարչապետը հանդիպել է փախստականների հետ, ցուցումներ է տվել կառավարությանը փախստականների կողմից բարձրացված հարցերին լուծում տալու  համար, Էրեբունի  հիվանդանոցը  համալրվել  է  100, իսկ  Արտաշատի հիվանդանոցը՝ 50 մահճակալներով՝ վիրավորներին  ընդունելու  համար, տարհանումներ  են  իրականացվել  նաև  մշակութային  օջախներում… 

Այս  ամենը իրականում  խաղարկային  է և  զորավարժությունների  մաս  է  կազմում:

Սեպտեմբերի  3-ից  6-ը  Հայաստանի  տարբեր  գերատեսչություններում  իրականացվեց  ուսումնավարժական  գործողություններ, որոնք  պլանային զորավարժություններ  են՝ ներառված  <<Շանթ  2015>>  հրամանատարաշտաբային  զորավարժությունների  ծրագրում: Ծրագրի  իրականացման  դրույթները  նախապես  չեն  հրապարակվել, սակայն յուրաքանչյուր գործողություն  հստակ  իրականացվել  է՝  առանց  բնակչության  մեջ  տագնապ  առաջացնելու, որը  և  վկայում  է  զորավարժությունների  բարձր  մակարդակի  մասին:   

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, նշել են, որ համապետական նշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը` պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ամփոփ ներկայացնելով «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքը, նշել է, որ զորավարժությունների վերաբերյալ ընդհանուր գնահատական կտրվի ավարտից մի քանի օր հետո: Մ. Հակոբյանի խոսքով` մանրամասն վերլուծվելու են նաև զորավարժությունների ընթացքում նկատված թերությունները, կազմվելու է թերությունների վերացման պլան, որը հաստատելու է երկրի նախագահը` գերագույն գլխավոր հրամանատարը: Այդ պլանի հիման վրա նախատեսվելու են միջոցառումներ՝ թերությունների, պրոբլեմների վերացման ուղղությամբ:

ԱՐՓԻ