Տարհանում Հայաստանի Ազգային պատկերասրահում և Մատենադարանում. Երևանում պատերազմական դրությո՞ւն է

Սեպտեմբերի 4-ին արտակարգ դրություն էր Հայաստանի Ազգային  պատկերասրահում  և  Մատենադարանում. մշակութային  արժեքների  պահպանության  այս  երկու  հզոր  օջախներում համապատասխան  մասնագետները  հատուկ  արկղերի  մեջ  փաթեթավորում  էին կտավները, ձեռագրերը և այլ թանգարանային նմուշներ, որոնք  պետք է տեղափոխվեին  հատուկ  պահոցներ:

National_Gallery_of_Armenia

Մատենադարանն  աշխարհում  պահպանության  լավագույն  միջոցներ  ունեցող  եզակի  կենտրոններից է: Այստեղ  են  պահվում  աշխարհի  եզակի կարևորություն  ունեցող ձեռագրեր, հոգևոր   արժեք  ունեցող  նկարազարդ  մատյաններ, իսկ  դրանց  պահպանության  համար  թանգարանային  աշխատակիցները  ստիպված  են  մի  շարք խնդիրներ  հաղթահարել:

Ինչպես  Մ. Մաշտոցի  անվան հին  ձեռագրերի  մատենադարանի  տնօրեն Հրաչյա  Թամրազյանն է  հավաստում,  կառույցում  առկա  է  այնպիսի  համակարգ, որ  անգամ  տարերային  աղետների  ժամանակ, լիովին  կարող  է  պահպանել  անվտանգությունը:

Տարհանման  ենթակա  մշակութային  բացառիկ  արժեքների  ցուցակը  հաստատվում է  կառավարության  կողմից:

Արտակարգ դրության պայմաններում էին աշխատում նաև Ազգային  պատկերասրահում. վերականգնողական  բաժնի և ֆոնդի 15-20 աշխատակիցներ  6-7  ժամվա  ընթացքում  պետք  է  իրականացնեին  տարհանման  աշխատանքներ: Պատկերասրահի  ցուցասրահներում  առկա  3500  կտավներից  բացի  ֆոնդում  կան  ևս  42.000  նմուշներ, որոնք  միանգամից  տարհանելն  ուղղակիորեն  անհնար  է, այդ  իսկ  պատճառով  տարհանման  ծրագիրը    մեծ  նրբություն  էր  պահանջում: Հայաստանի  Ազգային  պատկերասրահից տարհանված թանգարանային նմուշները  ոստիկանական  հատուկ  ջոկատների  ուղեկցությամբ  տեղափոխվեցին ապաստարաններ:

Տարհանված   կտավների և  ապաստարանների  ցուցակները  հրապարակայնացման  ենթակա  չեն:

Իրականում այս գործողությունները  ուսումնավարժական  էին, կարևոր  նշանակություն  ունեին  և միտված  էին  <<Շանթ  2015>> ռազմավարական  հրամանատարաշտաբային  զորավարժությունների  շրջանակում  անցկացվող  հոգևոր  արժեքների  պահպանության  և  տարհանման  ծրագրի  հաջող  իրականացմանը: 

Համապետական  նշանակություն ունեցող <<Շանթ  2015>> ռազմավարական  հրամանատարաշտաբային  զորավարժությունները  մեկնարկել  են  սեպտեմբերի  3-ին  և  տևելու  են  մինչև  սեպտեմբերի  6-ը՝  ներառելով  պետական  նշանակություն  ունեցող  բոլոր  ոլորտները: Նման  զորավարժությունների կազմակերպման բարձր  մակարդակի և հաջող  իրականացման  մասին  լուրերով  են  հանդես  գալիս  անգամ  հարևան  պատերազմող  երկիր  Ադրբեջանի  լրատվական կայքերը:

ԱՐՓԻ