Ոչ արտահայտություն չկա, դա չէ-ն է, իսկ չէ նշանակում է ոչ էական. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը չի ասել, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լինելու է սեպտեմբերին, այլ նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին Ազգային ժողովը կավարտի Սահմանադրության նախագծի քննարկումը: NewsBook-ի հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը միանալու է «Ոչ»-ի պայքարին, Սահակյանը նշեց, որ տեղեկությունը պետք է մամուլից ճշտել, այնուհետ հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանը չունի այնքան ուժեղ թիմ, որ պայքարի սահմանադրական փոփոխությունների դեմ: «Ռոբերտ Քոչարյանը դեռևս որևէ հայտարարություն չի արել»,- նկատեց Սահակյանը, և երբ լրագրողները հուշեցին, որ Քոչարյանը դեմ է արտահայտվել, ԱԺ նախագահն ասաց, որ դեմ լինելը դա դեռ չի նշանակում, որ միանում է «Ոչ»-ի պայքարին: «Որպես պատմական դեմք` Ռոբերտ Քոչարյանը բավականին ուժեղ է, բայց քաղաքացիական հասարակության և քաղաքական դաշտում ուժեղները ուժեղ թիմ են ունենում: Չեմ կարծում, որ նա ուժեղ թիմ ունի»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը: Դիտարկմանը, թե Քոչարյանը պնդում է, որ ՀՀԿ-ականները կարող են միանալ իրեն, խորհրդարանի ղեկավարն արձագանքեց. «Չգիտեմ` լամ, թե ցավամ, որ բոլորը իրենց և՛ հզորությունը, և՛ թուլությունը կապում են ՀՀԿ-ի հետ»: Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ միանում է «Ոչ»-ի պայքարին, փաստորեն, «Ժառանգության»-ը չհաջողվեց համոզել, ԱԺ նախագահն ասաց, որ իրենք ոչ մեկին չեն համոզում. «Մենք ոչ մեկին չենք համոզում, նրանք փորձում են, մեզ ներկայանալի դարձնելով, իրենց իմիջը բարձրացնել, ոչ արտահայտություն չկա, դա չէ-ն է, իսկ չէ նշանակում է ոչ էական»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա նաև անդրադարձավ Արփինե Հովհաննիսյանին Արդարադատության նախարար նշանակելու հարցին և նշեց, թե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի կողմից կնշանակվի նախարարի պաշտոնին:
Նյութի աղբյուրը `  Newsbook.am