Նարեկ Մակարյանի պատասխանը Քրիստինե Պեպելյանին. թույլ մի տվեք որ ձեզ օգտագործեն:

Ժակլին Թադեւոսյանի հեղինակած «Հավատա» երգի շուրջ քննարկումները շարունակվում են: Երեկվանից համացանցում քննարկվում է այն փաստը, որ Քրիստինե Պեպելյանի երգն իրականում գրված է եղել Նարեկ Մակարյանի համար: NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է թեմայի շուրջ Քրիստինե Պեպելյանի մեկնաբանութունը. մենք զրուցել ենք նաեւ այժմ ԱՄՆ-ում գտնվող Նարեկ Մակարյանի հետ.

«Պետք է նշեմ, որ ես աշխատում եմ հեռու մնալ, այսպես կոչված, սկանդալներից: Մեկ բաժակ ջրում սարքված փոթորիկները, բացի ժամանակի կորստից, ուրիշ ոչ մի արդյունք չեն կարող տալ: Փորձեմ լինել համառոտ: Նախ, երգը ոչ թե ներկայացվել է ինձ, այլ ես աշխատել եմ այդ երգի վրա, դա ձայնագրվել է, տեսահոլովակ է նկարահանվել, այսինքն՝ այն մեկնաբանությունը, թե վերջին տասնամյակում երգի հեղինակը օր ու գիշեր փնտրել է Քրիստինե Պեպելյանին՝ հատուկ իր համար գրված երգը նվիրելու նպատակով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Շարունակելով միտքս` շեշտեմ, որ, այո, Քրիստինեն զանգահարել է ինձ այս երգի հետ կապված, բայց մեր մեջ բանակցություն չի եղել, նա ինձ միայն հայտնել է, որ տվյալ երգը վաճառվել է իրեն, այսինքն՝ ինչ-որ ժամանակ հոգու խորքից բխած նվերը, որը ես ստացել էի հեղինակից, հանվել է վաճառքի»,-նշեց երգիչը` հավելելով.

«Այստեղ իրավունքների մասին խոսելը լուրջ չէ, օրենքներ ցիտելը՝ առավել եւս, այստեղ մարդկային հարաբերությունների ոչ այնքան գեղեցիկ ավարտի պատկեր է, այլ կերպ ասած` բարոյական ոլորտի խնդիր է:
Ավարտելով միտքս` պետք է եւս մեկ անգամ նշեմ, որ էժանագին PR-ով չեմ զբաղվում: Մեր օրերում ավելի ազդեցիկ PR գործիքներ կան, իսկ դրա վերաբերյալ կարծիք հայտնած անձանց մի խորհուրդ կտամ` եթե կարծում եք, թե PR տեխնոլոգիայի զոհ եք դառնում եւ ձեր միջոցով փորձում են ինքնահաստատվել, մի պատասխանեք ու թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն»:
Սյունե Առաքելյան